ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 2,5 տոկոսով և ամսվա վերջում կազմել 26,3 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,41 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 86,9 տոկոսը կամ շուրջ 22,8 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին:
Բանկերի երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 112,8 մլրդ դրամ` ավելանալով 0,9 տոկոսով, դրանցից մոտ 59,4 մլրդ դրամը` կարճաժամկետ։
ԱՎԾ-ի տվյալների համաձայն` Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա հուլիսին կազմել են 1 717,7 մլրդ դրամ` ամսվա ընթացքում նվազելով 0,35%-ով։ Միաժամանակ վարկային ներդրումների մոտ 1 060,6 մլն դրամը բաժին է հասնում արտարժույթով վարկերին։
2014 թվականի հուլիսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 856,8 մլրդ դրամ։ ($1 –ը՝ 411,26 դրամ)-0–