ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015թ.–ի ապրիլին ավելացել են 14,2 տոկոսով` կազմելով 40,2 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումներն ավելացել են 0,9 տոկոսով։ Նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալներով` կարճաժամկետ ժամկետանց վարկերն ավելացել են 6 տոկոսով` հասնելով 26,5 մլրդ դրամի, երկարաժամկետ վարկերն ավելացել են 13,3 տոկոսով` հասնելով 13,6 մլրդ դրամի։
Միաժամանակ երկարացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 125 մլրդ դրամ` նվազելով 4,4 տոկոսով։
Ապրիլի վերջի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 1 912,3 մլրդ դրամ` գրանցելով 0,9 տոկոսի աճ։ Միաժամանակ դրամային վարկերն ավելացել են 1,6 տոկոսով` կազմելով 642,1 մլրդ դրամ, իսկ արժութային վարկերը` 0,6 տոկոսով` կազմելով 1 270,2 մլրդ դրամ։
Անհրաժեշտ է նշել, որ որոշ հայկական բանկեր դրամային լիկվիդայնության պակասի պատճառով 2015 թ.–ի հունվարին սահմանափակել են վարկավորումը` վարկեր տրամադրելով միայն իրենց հաճախորդներին, իսկ որոշ բանկերը պարզապես խստացրել են վարկերի տրամադրման պայմանները։ Այս ամենի կապակցությամբ տարեսկզբից վարկային ներդրումները հիմնականում անկում են գրանցել։
Հայկական բանկերի համախառն վարկերն ապրիլի վերջին կազմել են 2 077,5 մլրդ դրամ (0,7 տոկոսի աճ)։–0–