ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է` շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Բանկը «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ համար բացել է չվերականգնվող վարկային գիծ: Բանկի կողմից տրված գումարի մի մասը «Ցեմենտ Սերվիսը» ուղղելու է «Միկա Ցեմենտ» ընկերությանը նպատակային փոխառություն տրամադրելուն` վերջինիս կրեդիտորական պարտքերի, այդ թվում նաև կոմունալ ծառայությունների գծով (աշխատավարձերի մասով և բնական գազի համար պարտավորությունների մարում), ինչպես նաև որպես դրամական միջոցների գրավ` ի ապահովումն «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ կողմից «Միկա Ցեմենտի» պարտավորությունների կատարման ապահովման համար տրամադրվող բանկային երաշխիքների»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Մի մասն էլ ուղղվել է «Միկա Ցեմենտ» ընկերությանը` ցեմենտի գործարանի գործարկման համար սարքավորումների կարգաբերման և այլ ծախսերի իրականացման նպատակով:
Ինչպես նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, «ՎՏԲ-Հայաստան Բանկը» համագործակցում է «Միկա Ցեմենտի» հետ արդեն մի քանի տարի: «Եվ մենք ուրախ ենք, որ Բանկը նպաստել է Հայաստանի արդյունաբերության համար կարևոր երկու ցեմենտի գործարաններից մեկի աշխատանքի վերականգնմանը»։
«Մեր նպատակն է վերագործարկել ցեմենտի արտադրությունը, օգնել գործարանին անցում կատարել ցեմենտի որակի ու ծավալների առավել բաձր մակարդակ: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան»,– ասել է նա։
«Միկա Ցեմենտ» գործարանը մասնագիտացված է 10 տեսակի պորտլանդցեմենտի արտադրության գործում: Գործարանի արտադրանքը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, Իրաքում, Եվրոպայում և Ռուսաստանում:
ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։
ՎՏԲ–Հայաստան բանկը թողարկած միջազգային քարտերի քանակով շուկայի առաջատարն է։ Բանկը սեփական պրոցեսինգային կենտրոն ունի, որը Հայաստանի քարտային շուկայում մրցակցային առավելություն է ապահովում։ –0–